«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների և սյուժեների կապակցությամբ, որոնցում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն և սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով», -ասվում է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ տարածած հայտարարության մեջ, որում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ նման երևույթը «առավել ակնհայտ է դարձել» վերջին ամիսներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:
Նշենք, որ ոչ միայն Ուկրաինայում, այլև Հայաստանում մեծ աղմուկ էր հանել «Россия-1» հեռուստաալիքի «Вести недели» հաղորդաշարի և այն վարող Դմիտրի Կիսելյովի պահվածքը` իրադարձությունները ակնհայտ ազգայնական համատեքստում ներկայացնելու համար: ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը համարում է, ռուսական նմանօրինակ քարոզչության տարածումը ՀՀ տարածքում ապօրինի է, «քանի որ հակասում է ՀՀ Սահմանադրությանը (հոդված 14.1), օրենքներին (մասնավորապես՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի հոդված 24-ի բ, դ, ե, է կետերին), ինչպես նաև միջազգային մի շարք կոնվենցիաների, որոնց միացել է Հայաստանը, և որոնցով արգելվում է այլատյացության և ազգամիջյան թշնամության տարածումը»: Ասվում է, որ նմանօրինակ քարոզչությունը մեծ վնաս է հասցնում ՀՀ «տեղեկատվական անվտանգությանը», այլ երկրների հետ բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև`ապակայունացնում է հասարակական կյանքը: Հայտարարության մեջ նշվում է, որ «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքներից զատ նման քարոզչություն են իրականացնում նաև ՀՀ-ում վերահեռարձակվող ռուսական Россия-24»-ը, НТВ-ն, ТВЦ-ն և այլ հեռուստաընկերություններ: «Նկատի ունենալով այս ամենը «ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ՀՀ իշխանությունից պահանջում է. ա) դիտարկել ռուսաստանյան «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների գործունեության օրինականությունը՝ ելնելով միջպետական համապատասխան պայմանագրերից, բ) վերանայել այդ պայմանագրերը և, այլատյացության և ազգային հիմքով ատելության քարոզչությունը չդադարեցնելու դեպքում, կասեցնել ազգային հեռարձակման ցանցով նշված երկու հեռուստաալիքների տարածումը և ազատված հաճախականությունները հանել լիցենզավորման մրցույթի»: